Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում հիմնական դերակատարում ունի երկու գործօն` ժամանակը եւ հակամարտող կողմերի տրամադրւածութիւնը: Ինչպէս փոխանցում է Press TV-ն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին յայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Բահրամ Ղասեմին` անդրադառնալով ղարաբաղեան հակամարտութիւնում Ռուսաստանի ակտիւ դերակատարման մասին հարցին:

Նրա խօսքով` նման հակամարտութիւնները չեն լուծւում միայն մէկ գործօնի շնորհիւ:

«Հակամարտութեան կարգաւորման հարցում շատ գործօններ են դեր խաղում: Վերջում դրանք բոլորը պէտք է միաւորւեն, որպէսզի հարցը գտնի իր լուծումը: Ուստի համարում եմ, որ կարծիքն այն մասին, որ այդ հակամարտութիւնը կարող է կարգաւորւել մի մարդու կամ մի երկրի կողմից, ճիշտ չէ: Հակամարտութեան կարգաւորումը հնարաւոր է միայն բոլոր գործօնների համադրութեամբ»,- ասել է նա:

Ղասեմին ընդգծել է, որ արցախեան հակամարտութեան կարգաւորման հիմնական գործօններից մէկը ժողովուրդն է: «Այս հակամարտութեան կարգաւորման հարցում որոշիչ կը լինի ժողովրդի կամքը»,- շեշտել է նա: